2019 թվականի ինը ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի ընթացքում ներկայացվել է վիճակագրական տվյալներ: Համաձայն որի՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով:
Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):
Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501):
Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:
Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։