Հայաստանում գրանցվել է լրագրողների և ԶԼՄ-ների ներգրավածությամբ դատական հայցերի աննախադեպ հոսք
Այս տարվա երրորդ եռամսյակում շարունակվել են լրագրողների և լրատվամիջոցների ներգրավածությամբ նոր դատական հայցերի աննախադեպ հոսքը: Այդ ժամանակահատվածում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել 33 գործ: Դրանցից 30-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2-ը վերաբերում են տեղեկատվություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, 1 դեպքում էլ լրատվամիջոցը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի: Լրագրողների հետ հանդիպմանը տվյալները ներկայացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019 թ. երրորդ եռամսյակի զեկույցը:
Այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների վիրավորանքի և զրպարտության հիմքով ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների նոր դատական գործերի քանակն է՝ համապատասխանաբար 28 և 25: Այսինքն այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 83 այդպիսի գործ, ինչը շատ ավելին է, քան նախորդ երկու տարիների նույն ցուցանիշները միասին վերցրած:
Դատական 30 գործերից 13 դեպքում հայցվորները ներկա և նախկին պաշտոնյաներն են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարարներ, 1-ը՝ քաղաքական գործիչ, 1-ը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ և 1 դեպքում լրագրողը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ:
Ա. Մելիքյանի խոսքով, դատական գործերի այս հոսքը պայմանավորված է այն իրողությամբ, որ հետհեղափոխական շրջանում էլ ավելի սրվեց ԶԼՄ-ների բևեռացումը, բաժանումն ըստ քաղաքական–ֆինանսական ճամբարների, քաղաքական պայքարը տեղափոխվել է ԶԼՄ-ներ, նաև ԶԼՄ-ները լի են ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով: Նա նշեց, որ որոշ դեպքերում էլ քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները լրագրողներից լսելով իրենց ոչ հաճո հարցեր՝ վրդովվում են, վիրավորվում են, փորձում են դատարանների միջոցով ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա:
Ներկայացված տվյալներով, ընդհանուր առմամբ, 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 35 դեպք, տեղեկություններ տարածելու և ստանալու իրավունքի խախտումների 11 դեպք, ֆիզիկական բռնության 1 փաստ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները