Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների՝ բնակարանային գողությունների, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած ևս մեկ անձի վերաբերյալ:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աջափնյակից Կենտրոն համայնք ճանապարհին՝ ավտոմեքենայում, երեք երիտասարդներ դանակի սպառնալիքով իրենից պահանջել են իր բջջային հեռախոսը, գումար և թանկարժեք իրեր, պայուսակից հանել են ֆոտոխցիկը, իսկ դրամապանակից՝ դրանում առկա տարբեր արժույթների կանխիկ գումարը, այնուհետև իրեն հրել դուրս են գցել ավտոմեքենայից և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ հասակակիցներ՝ ծնված 1995 թվականին: Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվում է մեկ այլ քրեական գործ ևս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 238-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 18-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 22-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, և 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անձինք Ծաղկաձոր քաղաքում բնակարանային գողություններ են կատարել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ