ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այս պարագայում, ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:
Գործող օրենսդրության շրջանակներում, սակայն, ՊԵԿ-ը իրազեկում է նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
Ի՞նչ է նախնական մաքսային հայտարարագրումը:
Համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է Միության մաքսային տարածք դրանց ներմուծումից հետո: Հետևաբար նախնական մաքսային հայտարարագրման հնարավորությունը գործող օրենսդրությամբ կիրառելի է ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքերում: Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավտոմեքենաները պետք է հայտարարագրվեն ոչ թե անձնական օգտագործման ապրանքների համար նախատեսված ընթացակարգով՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, այլ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ ապրանքային հայտարարագրի կիրառմամբ:
Քանի որ խոսքը վերաբերում է մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպմանը, ապա ավտոմեքենայի համար արժեքն այդ դեպքում որոշվելու է ոչ թե ըստ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի, որով արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության համար կատարված ծախսերը, այլ համաձայն ԵՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի. այն է՝ մաքսային արժեքի մեջ ներառվում են ինչպես փոխադրման և ապահովագրության, այնպես էլ նույն գլխով սահմանված այլ ծախսերը:
Այսպես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախնական մաքսային հայտարարագրման շրջանակներում մաքսային հայտարարագրում կարող են չնշվել նույն կետով նախատեսվածայն տեղեկությունները, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել հայտարարատուին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին: