Սրբուհի Գրիգորյան. Դիալեզ ընդունող քաղաքացիների ճանապարհածախսի փոխհատուցման խնդիրը ձգվում է ու ձգվում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին գործադիր մարմնի անդամներին մեղադրեց խոստումները չկատարելու, բարձրացված հարցերին չանդրադառնալու, հետևողական չլինելու համար։
«Հարգելի Սուրեն Պապիկյան, Դուք այս բարձր ամբիոնից խոստացաք, որ կզբաղվեք Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչների կողմից բարձրացված խնդրով։ Ու մեկ ամսվա ընթացքում չարվեց։ Ավելին, խնդիրն այնտեղ սրվում է, ոստիկանությունը քաղաքացիներին ամեն օր ասում է, որ դատվելու են։ Այնտեղ հիմա լուրջ խմորումներ են տեղի ունենում կառավարության անտարբեր աչքի պատճառով»,-ասաց պատգամավորը։
Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ նույն նախարարը խոստացել է՝ կվերանորոգվի հեռավոր Շենաթաղ գյուղի դպրոցի տանիքը, սակայն դա էլ չի արվում։
«Միայն պարոն Պապիկյանը չէ, այս շարքը կարող եմ անընդհատ շարունակել։ Կրթություն, առողջապահություն, դիալեզ ընդունող քաղաքացիների ճանապարհածախսի փոխհատուցման խնդիրը ձգվում է ու ձգվում։ Մենք կորցրել ենք այդ քաղաքացիներից մեկին, եթե այսպես ձգենք, խնդիրը պարզապես էլ չի լինի։ Ներողություն եմ խնդրում այդ քաղաքացիներից, հուսով եմ, որ իրենք էլ կձգեն»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իր բարձրացրած հարցերի լուծման գործում հետևողական է։
Նա նշեց, նախարարներին ուղղված հարց-գրություններին ստանում է ծեծված պատասխան՝ այս կամ այն խնդրի լուծումը այս կամ այն ֆինանսական ծրագրում ընդգրկված չէ։
«Այսպես մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր։ Կառավարության հարգելի անդամներ, ես ձեզ այս ամբիոնին լուրջ վերաբերվելու և Ձեր խոստումները հետևողականորեն կատարելու կոչ եմ անում»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ