Գորգիսյան. ՀԾԿՀ-ի որոշման նախագծով առաջարկում են տոտալիտար ռեժիմներին հարիր կարգավորումներ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագծով, մասնավորպես, առաջարկում են անընդունելի և տոտալիտար ռեժիմներին, ինչպիսին, օրինակ Հյուսիսային Կորեան է, հարիր կարգավորումներ: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա թվարկեց, թե ինչ է նախատեսվում այդ որոշմամբ. ինտերնետ հասանելության ծառայություն մատուցող կարգավորվող անձը պահպանում է ինտերնետ հասանելիության ծառայություն օգտագործած բաժանորդի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ բաժանորդի նույնականացման և (կամ) պայմանագրային համարը (ID), ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը և հեռախոսահամարը և այլն:
«Այս ամեն ինչով մեր պետական մարմինները որոշել են, որ մեզ բոլորիս պետք է վերահսկեն: Ցանկացած պահի, երբ մտնենք ինտերնետ, ինչ-որ մեկից ստանանք որևէ նամակ, այդ ամենը պետք է պահվի ինչ-որ տեղ երկու տարի ժամկետով, որը բնավ լավ չէ: Նամակ ուղարկողի հասցեն է պահվում, որը նույնքան անթույլատրելի է, որքան նամակը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով, եթե համապատասխան հանձնաժողովն իր արդարացումների մեջ ասում է, որ կոնտենտը չեն պահում, սակայն այդ պահված ինֆորմացիայով հնարավոր է նաև կոնտենտը վերականգնել: Գևորգ Գորգիսյանը նշեց, որ որպես արդարացում նշում են միջազգային որոշակի փորձն այս ուղղությամբ, մասնավորապես Եվրոպական խորհրդարանի 2006 թվականի մարտի 15-ի կանոնակարգը, բայց երևի մոռանում են նշել, որ 2015 թ. ապրիլի 8-ին Եվրոպական դատարանի որոշմամբ այն ճանաչվել է հակասող ԵՄ հիմնարար իրավունքների և ազատությունների կոնվենցիային:
«Կոչ եմ անում պատկան մարմիններին նման քայլի չգնալ, առաջին հերթին վտանգելու է երկրում ռազմավարական կարևոր նշանակության ճյուղ համարված բարձր տեխոլոգիաների ոլորտի զարգացմանը: Չեմ կարծում՝ այս ոլորտի որևէ խոշոր ընկերություն կցանկանա մուտք գործել մի երկիր, որտեղ ամբողջ ինտերնետ թրաֆիքը նման անթույլատրելի կերպով ցանկանում են վերահսկել: Կոչ եմ անում կառավարությանը հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել այս որոշումը, հրաժարավել տոտալիտեր երկրներին հարիր մոտեցումներից»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում