Ամերիկան կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը. վերլուծաբաններ
Ամերիկյան զրահատեխնիկայի շարասյանը երկուշաբթի օրը հարվածում էին կարտոֆիլներով, երբ շարասյունն ամերիկյան զրահատեխնիկան դուրս էր բերում Սիրիայից: Մինչև Իրաքի սահման հասնելն ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներին: Վերջիններս ամերիկացիներին այլևս «ստախոս» են անվանում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի նախագահը շարունակում է պաշտպանել Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու իր որոշումը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք քրդերի հետ: Նրանց հետ միասին կռվել ենք երեք ու կես տարի, բայց երբեք չենք որոշել նրանց պաշտպանել իրենց ողջ կյանքի ընթացքում»,- ասել է Թրամփը:
Դեմոկրատ կոնգրեսականներն ու հանրապետականների մի հատված դատապարտում է ԱՄՆ-ի դաշնակից քրդերին թուրքերին զոհաբերելու քայլի համար:
Իսկ վերլուծաբաններն ասում են, թե Սիրիայից շատ անսպասելի կերպով դուրս գալու փաստով Ամերիկան կորցնում է իր նկատմամբ վստահությունը:
Նրանցից Բրայըն Քաթուլիսն ասում է, թե ԱՄՆ-ի այս գործողություններին ուշի ուշով հետևում են Սաուդյան Արաբիայից մինչև Իսրայել ու Հորդանան, որոնք նույնպես Դաեշ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում հայտնվել են առաջնային դիրքերում:
«Ու սա նրանց համար կարող է լինել դաս, որոնք կարող են մի օր ասել, թե Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել»,- ասում է վերլուծաբանը:
Այլ վերլուծաբանների էլ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Ամերիկայի հետքաշումից հետո շահում է Ռուսաստանը:
Բուլենթ Ալիռիզայի խոսքերով, եթե իր զորքերը հետքաշելով, Ամերիկան թուլացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ակնհայտորեն մեկ ուրիշ ուժ պիտի գա դրա տեղը լրացնելու համար: Այս դեպքում դա Ռուսաստանն է, որը Պուտինի օրոք վերակենդանացնում է Մերձավոր Արևելքում իր նախկին քաղաքականությունը: