ՀՔԱՎ գրասենյակը տեղեկություն է տարածել զինծառայողի դասալքության լուրի վերաբերյալ (լրացված)
Այսօր շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ժամկետային զինծառայողը 5 օր ինքնակամ լքել է զորամասըև նրանից մինչ օրս որևէ լուր չկա: Նշվում էր նաև, որ ահազանգը ստացվել է զինծաառայողի ազգականի կողմից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինծառայողի հարազատներից փորձել է ճշտել դեպքի իսկությունը ու տարածած հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրել։
«Մեզ հասանելի հեռախոսահամարով հաջողվեց կապ հաստատել Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, և քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ իրենց որդին զորակոչվել է 2019 թ. հուլիսի 7-ին՝ առողջական խնդիրների առկայությամբ, որի պատճառով նախկինում երկու անգամ ստացել է տարկետում:
Այնուամենայնիվ, առանց որևէ բուժման, (մայրը հայտնեց, որ որդու հիվանդությունն անբուժելի է) Կարեն Ս.-ն զորակոչվել է զինված ուժեր: Մայրը հայտնեց, որ ծառայության հենց սկզբից առողջական խնդիրների պատճառով նաև խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ (այս մասին ծնողը տեղեկացել է ռազմական ոստիկանության աշխատակիցներից), քանի որ չեն հավատացել, որ զինծառայողի մոտ կա որևէ առողջական խնդիր, մեղադրել են «ձևեր անելու՝ սիմուլյանտության» մեջ, չնայած պարբերաբար տեղափոխվել է հոսպիտալ, նաև ենթարկվել վիրահատության՝ մեկ այլ առողջական խնդրի կապակցությամբ:
Հերթական անգամ՝ հոկտեմբերի 19-ին, ուրբաթ օրը, զինծառայողին զորամասից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կինիկական զինվորական հոսպիտալ։ Այնտեղ, ըստ զինծառայողի քրոջ խոսքերի, եղբորը պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Նման վերաբերմունքից դժգոհ լինելով՝ զինծառայողը չի սպասել հետազոտությանը և լքել է հոսպիտալը՝ գնալով Երևանում բնակվող հարազատներից մեկի տուն։ Նույն օրը, սակայն, հարազատները զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, որտեղից նրան արդեն ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից՝ զորամաս: Ընդ որում, ինչպես մայրն է տեղեկացնում, զինծառայողին առանց հետազոտության ուղարկել են զորամաս՝ որպես տույժ:
Այժմ Կարեն Ս.-ն գտնվում է զորամասում։ Նրա մոտ առողջական խնդիրները շարունակվում են, մասնավորապես՝ առկա է մարսողության խնդիր, (ըստ մոր խոսքերի` կերածը փսխում է), ինչպես նաև առկա է հաճախակի արյունահոսություն քթից և բերանից, որից էլ մշտապես գանգատվել է զինծառայողը»,- նշված է ՀՔԱՎ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՔԱՎ-ից նաև տեղեկացնում են, որ տեղեկատվությունը՝ զինծառայողի դասալքության մասին, հրապարակվել է հոկտեմբերի 24-ին, shamshyan.com կայքում: Ըստ աղբյուրի, նշված կայքում տեղեկությունները հիմնականում չեն համապատասխանում իրենց հետ զրուցած քաղաքացու որդու վերաբերյալ տեղեկություններին՝ կան տարբերություններ զինծառայողի ծառայության ժամկետի, զորմասի և այլ տվյալների մեջ։
Լրացում
Նյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ կապ է հաստատել Գ․ Շամշյանը և տեղեկացրել, որ Կարեն Ս․-ն և shamshyan.com հրապարակման մեջ ներկայացրած զինծառայողը տարբեր անձինք են։ Գ․ Շամշյանի փոխանցմամբ՝ այն, ինչ ներկայացված է shamshyan.com-ում, համապատասխանում է իրականությանը․ այդ զինծառայողին շարունակում են որոնել։