Առաջիկայում կրկնվող ստորաբաժանումները ենթակա են կազմալուծման. Սուրեն Պապիկյան
Օպտիմալացումն ընթացիկ պրոցես է և յուրաքանչյուր կրճատում պետք է կախված լինի տվյալ նախարարության արդյունավետությունից և կառավարելի լինելուց: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարցին, թե ինչպես են որոշել՝ ով պետք է աշխատի, ով՝ ոչ, նախարարը նշեց, որ հատուկ որոշում չի եղել։
«Երբ միավորել ենք նախարարությունները, ունեցել ենք կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումներ: Նախնական փուլում բոլորը միավորվել են: Առաջիկայում այն ստորաբաժանումները, որոնք կրկնվող են, դրանք ենթակա են կազմալուծման»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ նախարարության աշխատակազմի թիվը 2020 թվականի բյուջեով 313 է, բայց սպասվում են նաև այլ պետական մարմինների միավորումներ, որոնք իրենց հերթին ենթադրելու են այլ կրճատումներ։