Փաշինյանը հանդիպել է հոգևորականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:
Դիմելով ներկաներին, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:
Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ:
Եվ ուզում եմ ասել, որ ես նաև, իմ սուբյեկտիվ ընկալումն է սա, չեմ հավակնի պնդել, որ սա ամենաճիշտ կամ ամենաարդարացված կամ գուցե ամենապրագմատիկ ընկալումն է, բայց դա իմ ընկալումն է, որ ընդհանրապես մեր կյանքին պետք է նայել այս պրիզմայով, որովհետև ժամանակակից քաղաքակիրթ հարաբերությունները ես պատկերացնում եմ որպես որոշակի սպեկտրի և մասերի բաժանած շրջանակ, որտեղ կան տարբեր կոմպոնենտներ՝ կա նյութական կոմպոնենտ, հոգևոր կոմպոնենտ, քաղաքական կոմպոնենտ, արժեքային կոմպոնենտ և իրավական կոմպոնենտ»։
Փաշինյանի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ։