Արմավիրի մարզում մթերվել է ավելի քան 82 հազար տոննա խաղող
2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ այս մասին պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսում հայտարարել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործված հողատարածությունները կազմել են 41644 հա, որը 223 հա-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը: Այս պահին հստակ է միայն խաղողի մթերման ծավալը, համաձայն որի մթերվել է 82 հազար 352 տոննա խաղող, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 30 հազար տոննայով: Խաղողի 1 կգ նախորդ տարի մթերվել է 140, իսկ այս տարի` 150 դրամով: Ծիրանն էլ արտահանվել է 350-400 դրամով, նախորդ տարվա 250-ի փոխարեն: Ծիրանը 2000, իսկ կեռասը 500 տոննայով ավելի է արտահանվել նախորդ տարվա համեմատությամբ: