Գաբրիել Բալայանն անակնկալի եկավ կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց օրակարգից հանել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ նախագծի հետ կապված խնդիր են տեսնում, ուստի խնդրում են օրակարգից այն հանել։
«Շրջանառված նախագիծը, որին մենք դիտողություններ և առաջարկություններ չէինք ներկայացրել, փոփոխությունների է ենթարկվել և մենք լուրջ մտահգություն ունենք», - նշեց փոխնախարարը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին զարմացրեց փոխնախարարի առաջարկը. «Ճիշտն ասած` անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի հետ»:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյոք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, մինչդեռ իրենք տեսել են, որ իրականում նախագծում կան փոփոխություններ. «Ուստի խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել»։
Գաբրիել Բալայանը նշեց, որ հարցը հրատապ է, զորակոչի կազմակերպման հետ կապված միջոցառումները պետք է սկսվեն նոյեմբերի 14-ից, բժշկական հանձնաժողովներ պետք է ձևավորվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել:
«Չհանենք, էլի»,- ավելացրեց Գաբրիել Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ