Ծառուկյան. Արքայազնի հյուրանոցի աշխատանքը մեկ ու կես տարի կանգնած է
«Ես վարչապետին շատ հարգում եմ, դուք ինձ ճիշտ հասկացեք, ինքն ուզում է անել, բայց ես ասել եմ, որ ներդրումների համար պայմաններ չկան»,-լրագրողներների հետ զրույցում հայտարարեց գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։
Նա խորհուրդ է տալիս, որ ներդրողների համար գործի մեկ պատուհան սկզբունքը, նրանք ստիպված չլինեն դիմել տարբեր պետական մարմիններ՝ մարզպետարան, բնապահպանության տեսչական մարմին, էկոնոմիկայի նախարարություն, հարկային, իրավապահ մարմիններին՝ տարբեր փաստաթղթերի համար։
«Էդ թղթերի համար մենակ պետք է մեկ տարի։ Հիմա հասարակ օրինակ ասեմ, ցեմզավոդի կողքը թագաժառանգը իմ հետ միասին կառուցում է սիլիցիումի գործարան։ Ուղիղ մեկ տարի է, որ դիմել ենք, որ հողի կատեգորիան փոխվի՝ արոտավայրը դառնա արտադրական, ուղիղ մեկ տարի է՝ չի փոխվում։ Վարչապետը իմացել է, զանգել-բարկացել է, մեկ ժամվա ընթացքում սարքել տվել են։ Քուվեյթի մյուս թագաժառանգը ուզում է 5 աստղանի հյուրանոց կառուցի, տարի ու կես կանգնած է։ Տուրիզմ ենք ուզում զարգացնել, ի՞նչ է պատճառը, կողքի հարևանը բողոքել է, դատը նշանակում են վեց ամիսը մեկ, մինչդեռ արագացված ռեժիմով կարող է արվել»,-ասաց նա։
Գործարար-պատգամավորի խոսքով, ոլորտների պատասխանատուներն իրենց գործում պետք է սրտացավ ու պատասխանատու լինեն։
«Մարդն ինքն իրեն պետք է հինգ նշանակի, պետք է զգա, որ արդյունավետ է աշխատում, իսկ արդյունավետ չաշխատելու դեպքում պետք է հրաժարական տա, որ մի ամբողջ ժողովուրդ իր պատճառով չտուժի»,-ասաց նա։