Մեկ օրվա ընթացքում Իրաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում սպանվել է 13 մարդ, վիրավորվել 35-ը
Նախօրեին՝ նոյեմբերի 7-ին, Իրաքում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 13 մարդ: Ցուցարարների նկատմամբ կրակ են բացել Բասրայում: Բախումներ են տեղի ունեցել նաև Բաղդադում։
Հայտնի է, որ Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադում կրակել ու սպանել են առնվազն վեց ցուցարարների, իսկ Բասրայում կրակել ու սպանել են 7 ցուցարարների, որոնք նստացույց էին կազմակերպել այնտեղ: Այս մասին հայտնում է Aljazeera-ն:
Եվս 35 մարդ վիրավորվել են Բաղդադում՝ Շուհադ կամրջի մոտակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ:
Նշենք, որ բողոքի ցույցերը Իրաքում սկսվել են հոկտեմբերի 1-իցն: Սկզբում ցուցարարները պահանջում էին, որ իշխանությունները ուշադրություն դարձնեն երիտասարդության գործազրկությանն ու կոռուպցիայի վրա, բայց հետո պահանջները սկսեցին հնչել Իրաքի ներկայիս քաղաքական համակարգի դեմ: Տեսակետներ կան նաև, որ ցույցերում կարող են հետաքրքրված լինել նաև Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները, քանի որ ներկայիս իշխանությունները հավատարիմ են հարևան Իրանին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում վերանայել 2003-ին ԱՄՆ ներխուժումից հետո ստեղծված քաղաքական համակարգը՝ մեղադրելով կառավարությանը և խոշոր քաղաքական կուսակցություններին կոռուպցիայի և ոչ կոմպետենտության մեջ: Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 260 մարդ, վիրավորվել են հազարավորները։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքում Իրանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել
- Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները
- Իրաքում վերսկսված ցույցերի ընթացքում առնվազն 42 մարդ է սպանվել