Ցավոք տեղեկատվության տրամադրումը մեզ բոլորովին չի բավարարում. բնապահպան
Ազգային ժողովում քննարկվում է «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, նախագիծը դեռևս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել։
Նախագիծը մշակվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող և «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի համատեղ ջանքերով։
«Կարծում եմ՝ օրենքի այս նախագիծը հանրության շրջանում էկելոգիական տեղեկատվության մասին իրազեկվածության բարձրացման խրախուսմանն է ուղղված, հետևաբար այն պետք է անցնի հանրային իրազեկվածության և խորհրդատվության շատ լայն փուլ: Բոլորի առաջարկները պետք է լսենք ու քննարկենք, քանի որ այս նախագծի վերջնական շահառուն հենց հանրությունն է»,- ասաց քննարկումը վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։
Նա հավելեց, որ նախագծի հիմքում ընկած է Օրհուսի Կոնվենցիայի հիմադրույթները և այս նախագծի մաշկումը ներառված է ԵՄ-ՀՀ համաձայանգրի ճանապարհին քարտեզում:
Հիշեցնենք, որ նախագծի հետ կապված «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նոր նախագիծ տեղեկատվության ազատության ոլորտում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին»։ Այն մշակվել է ԱԺ պատգամավորի կողմից առանց քաղաքացիական մասնագիտացած կառույցների հետ խորհրդակցելու մինչ նախագիծը պատրաստելը։ Վերնագրից սկսած այս նախագիծը խնդրահարույց է։ Նախագիծը հակասում է ՏԱ գործող օրենսդրությանը և Օրհուսի Կոնվենցիային»։
Քննարկմանը ներկա «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց. «Շահագրգիռ կեղմերից մեկն եմ, քանի որ ՀԿ եմ ներկայացնում և բազմիցս նամակներ ենք հղում և Շրջակա միջավայրի նախարարություն, և տեսչական մարմիններ, և ցավոք տեղեկատվության տրամադրումը մեզ բոլորովին չի բավարարում»։
Բնապահպանը շեշտեց, որ այս օրենքի նախագծով պետք է ապահովվի գոնե տեղեկատվության տրամադրման լավ աշխատանքը։
Ադամյանը մի քանի նկատառում արեց էկոլոգիական տեղեկատվության մերժման հիմքերին. «Նախագծում նշվում է, որ տեղեկատվությունը կարող է մերժվել, երբ կարող է վտանգել կամ վնասել շրջակա միջավայրը՝ հատկապես անհետացման եզրին գտնվող բույսերի կամ կենդանիների բազմացման վայրերի մասով։ Օրինակ որևէ կենսաբան կամ գիտահետազոտական ինստիտուտ, որը փորձում է ստանալ տեղեկատվություն որևէ տարածքի մասին, հիմա այս կետով ստացվում է այնպես, որ եթե հատուկ պահպանվող տարածք է կամ կան Կարմիր գրքային կենդանիներ, տեղեկատվոթյուն ուղղակի չի տրվի։ Արդյո՞ք ճիշտ է մասնագիտացված կառույցին մերժելը»։
Բնապահպանն առաջարկեց նախագծում վերաձևակերպում անել և ներառել բացառությամբ հետազոտություն կատարող կազմակերպություն անող կազմակերպություններին և գիտնականներին։