«Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ». Հայկ Մարության
Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 18 ապօրինի կրպակ ու տաղավար: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ր հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն Աժ-ում է:
«Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,-նշել է քաղաքապետը: