Լավրովի հետ հանդիպմանը Փաշինյանն արձանագրել է, որ հարաբերություններում նոր դինամիկա կա
Նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է եղել 2 տարի առաջ և այս ընթացքում Հայաստանում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեր երկիրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել։
«Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստանում էր պաշտպանության նախարարը։ Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ հաջորդ տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որից հետո կլինի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև ԵՏՄ-ում ՀՀ արդյունավետ նախագահությունը, Հայաստանում հոկտեմբերի 1-ին անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն աննախադեպ էր, որի ժամանակ կնքվեց նաև համաձայնագիր Սինգապուրի, Իրանի հետ։
«Ես մեծ լավատեսությամբ եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասել է Փաշինյանը։
Սերգեյ Լավրովն էլ ՌԴ նախագահի ու վարչապետի ողջույններն է փոխանցել Փաշինյանին ու կարևորել երկկողմ կանոնավոր շփումները։
Սերգեյ Լավրովն ընդգծել է նաև տնտեսական գերատեսչությունների միջև սերը կապերը, առևտրի մեծացումը։
«Վերջին շրջանում Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով, ինչպես խորհրդարանական, այնպես էլ գործադիր իշխանության, քաղաքացիական հասարակության մակարդակով ունենք շատ սերտ շփումներ»,-ասել է Լավրովը։
Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ
- Սերգեյ Լավրովի՝ երևանյան այցի օրակարգը
- Լավրովը գալիս է Երևան. կստորագրվի փաստաթուղթ՝ ռուսների մուտքը ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված լաբորատորիաներ երաշխավորելու համար