ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր վերսկսկել են իրենց դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, համաձայն որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Ակցիայի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանն ասաց, որ իրենք քայլելով գնալու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, այնուհետև Խանջյան փողոցով և Տիգրան Մեծի պողոտայով, Հանրապետության հրապարակով գնալու և միանալու են ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անող ՀՅԴ երիտասարդական թևի անդամներին, որոնք նույն պահանջով կրկին ակցիա են իրականացնում:
Նրա խոսքով, պայմանավորվածություն կա, որ այլ ֆակուլտետներից էլ են միանալու ուսանողներ. «Նախարարության շենքի մոտից կոչ ենք անում մեր մյուս ընկերներին, որոնք դասադուլի անվան տակ տանը քնում դասի չեն գալիս, մեր այն դասախոսներին, որոնք դասի ժամանակ մեզ բարոյանականության դասեր են տալիս, բայց այս պահին, երբ իրենց ուսանողները պայքար են մղում, կապ չունի պայքարի ծավալը, իրենց ուսանողների կողքին չեն»:
Գևորգ Գյուլումյանը նշեց, որ Հարությունյանը երկու ոտքը դրել է մի կոշիկում ու հրաժարական չի տալիս. «Իրեն թվում է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, հակակառավարական ակցիա է: Սակայն որևէ հակաիշխանական ակցիա չկա այստեղ, ինքը պետք է հրաժարական տա կամ գործի ըստ էության: Սակայն չեմ կարծում, որ նա կարող է գործել ըստ էության, որովհետև ի վիճալի չէ, ուստի պետք է գնա»:
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ սա ուսանողական, երիտասարդական շարժում է, շարժում է հանուն հայոց լեզվի, գրականության, պատմության պաշտպանության:
«Բոլորս միասիան միավորվենք ու պայքարենք, վերջ տանք այս խեղկատակությանը, այս բեմականացումը, որ փորձում են բեմադրել մի քանի հակազգային գործիչներ, ունենալու է իրենց համար վատ վախճան: Մենք թույլ չենք տալու»,- հայտարարեց ակցիայի մասնակից ուսանողը:
Գևորգ Գյուլումյանը հայտարարեց, որ երկու օր է ուսանողներին փորձում են վախեցնել բացականերով. «Ասում են՝ եթե չգաք դասի, բացականեր կստանք, համալսարանից դուրս կմնաք: Ուզում եմ հարցնել՝ 2018 թվականին, երբ երկու ամիս ուսանողերը դասի չէին գնում, քանի՞ հոգի դուրս մնացին: Հիմա հանրային պահանջ կա՝ պահանջում ենք ուսանողների բացակաները հաշվի չառնել: Պետք է լինի օրինաչափություն»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Օրինագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում. Նարինե Դիլբարյան
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ