Լավրով․ Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի
Բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու որոշեն կողմերը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Երևանի՝ Լեռնային Ղարաբաղին որպես լիարժեք մասնակից բանակցությունների սեղան վերադարձնելու առաջարկին։
«Կոնսուլտացիաների վաղ փուլում, երբ դադարեցվում էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու համապատասխան բանակցությունների, որոնք սկսվեցին կրակի դադարեցումից հետո։ Ինչ-որ փուլում Հայաստանի իշխանությունները, նախորդ նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը։ Ցանկացած դեպքում, մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, կարող ենք միայն հասնել նրան, որ այն գնա համահունչ ընդհանուր համաձայնության։ Եվ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն ձևակերպել հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»,-ասաց Սերգեյ Լավրովը։
Լավրովը մեջբերեց նաև այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վարչապետի խոսքերը, որ ԼՂ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար։
«Սրա հետ դժվար է վիճել»,-ասաց Լավրովը։
Հարցին, որ Ադրբեջանը մերժում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ասելով, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես տարածքային ամբողջականության շրջանակներում, և այս պայմաններում որքան է բանակցություններում խաղաղ առաջընթացի հավանականությունը, Լավրովը ևս մեկ անգամ հնչեցրեց Փաշինյանի՝ բոլոր կողմերին կարգավորման ընդունելի լինելու մասին խոսքերը։
«Տարածքային ամբողջականության, ինքնորոշման, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկվում է կողմերի միջև։ Յուրաքանչյուր դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի այս բոլոր սկզբունքները։ Սրա հետ չեն վիճի ոչ Երևանը, ոչ Բաքուն։ Իսկ մնացածն արդեն դիվանագիտական արվեստ է, բայց իրականում կոմպրոմիսի պատրաստ լինելն է։ Ցանկացած պայմանագիր, հատկապես այսպիսի բարդ հարցի, կոմպրոմիս է, և մենք՝ որպես համանախագահներ, փորձում ենք, որ կոմպրոմիսը լինի արդար, արտացոլի շահերի իրական բալանսը»,-ասաց Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք առաջ տանելու Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը․ Լավրով
- ՀՀ բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի․ Լավրով
- Լավրով․ Հայաստանը ժամանակով փորձված դաշնակից է, ՌԴ ստրատեգիական գործընկերը
- Լավրովի հետ հանդիպմանը Փաշինյանն արձանագրել է, որ հարաբերություններում նոր դինամիկա կա
- Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ