Գիրք կարդալը ժամանակակից է, իսկ սեփական լեզուն, պատմությունն ու գրականությունն իմանալը՝ սուպեր ժամանակակից. Զոհրաբյան
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է հնի ու նորի, իբր հին ու նոր մտածողության արհեստական դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և դա բուհերի հայեցողության թողնելու ԿԳՄՍ-ի առաջարկությանը։
Նրա խոսքով, ստացվում է՝ գիրք կարդացողը, սեփական լեզուն, գրականությունն ու պատմությունն իմանալը հին մտածողություն է, իսկ այդ ամենը հերքելը ինչ-որ նյու կոսմոպոլիտիզմի վերջին ճիչն է:
«Ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, վստահեցնում եմ՝ սեփական լեզուն, սեփական պատմությունն ու գրականությունն իմանալը սուպեր ժամանակակից է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով նախարարության առաջարկությանը՝ պատգամավորն ասաց, որ իրենից ավելի լայնախոհ քիչ քաղաքական գործիչ կա, սակայն ընդունելության քննության ժամանակ դիմորդների ստացած միավորներն, ըստ նրա, այլ բան են ցույց տալիս։
«Բերեմ թվեր. այս տարի 5370 դիմորդներից հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության ժամանակ դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը, այսինքն՝ մասնակիցների 19,7 տոկոսը: Դա արդյունք է հանրակրթական և ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման: Քավ լիցի, եթե մենք հանրակրթական, ավագ դպրոցներում տայինք այնպիսի պրոդուկտ, պոտենցիալ ուսանողների, ապա միգուցե այսօրվա դիսկուրսը՝ բուհերից այս առարկաների պարտադիր դասվանդումը հանելը, կարող էր տեղի ունենալ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց՝ թող լինեն անկեղծ ու ասեն, թե, օրինակ, քանի պատգամավոր ու պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին ու ասել՝ «հարցը կայանում է նրանում»:
«Հարգելիներս, հարցը որևէ դեպքում, որևէ անգամ չի կարող նրանում կայանալ: Հարցը առավելագույնս կարել է լինել՝ «հարցն այն է»: Հիմա եկեք թեստ անցկացնենք մեր պատգամավորների և պաշտոնյաների մեջ և թող ասեն, թե քանիսն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարհել: Երևի 70-80 տոկոսը: Քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ» ձևակերպումը: Կրկնում եմ՝ մի փորձեք լինել սուպերժամանակակից, դա սուպերժամանակակից չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Այնուհետև նա շարունակեց. «Վերջերս ինչ-որ երևույթ ուղղակի իդիոտ մտքեր էր հայտնում, ես հիշեցի մի հայտնի անեկդոտ: Ասում է՝ ի՞նչ կլինի եթե մոտիվացնես իդիոտին: Ոչ մի բան չի լինի, արդյունքում՝ կունենաս ընդամենը մոտիվացված իդիոտ»:
ԲՀԿ-ական պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Տիկին Զոհրաբյան, վախենամ, որ եթե հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան, եկեք այդ թեման չբացենք: Կարող ենք սկսել այդ փորձառությունը, ես դեմ չեմ, եկեք բանավեճի մեջ չմտնենք»։
Նաիրա Զոհրաբյանը տեղից նշեց, թե Ալեն Սիմոնյանին նկատի չուներ։
«Կառավարություն եք ասում, բան եք ասում, ո՞ւմ նկատի ունեիք: Դե բազմաթիվ մարդիկ կարող է հայոց լեզվի քննություն չկարողանան հանձնել»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։