Սերգեյ Բագրատյանի՝ բարի նպատակով նախագիծը օրակարգ չմտավ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ավելի մատչելի գործողություններով իրականացնել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործարքները՝ առանց ԱԱՀ-ի։
«Սա լավ նախագիծ է, նպատակը բարի է։ Մի պարզ օրենք կպցնենք տամոժնիում, բոլոր մեր քաղաքացիները վստահ լինեն՝ բեռը, որ նախատեսված է բանակի համար՝ ռազմական նպատակով, առանց խոչընդոտի կհասնի հասցեատերին»,- ասաց պատգամավորը։
Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ այստեղ էմոցիոնալ ֆոնը բավականին մեծ է, քանի որ փորձ է արվում ներկայացնել, որ բերված նախագիծը միանշանակ լուծում է խնդիրը՝ չառաջացնելով այլ խնդիրներ, իսկ հանձանաժողովը տվել է բացասական եզրակացություն՝ առանց հիմքերի։
«Արդեն իսկ գործող Հարկային օրենսգրքով նախատեսվում են մի շարք միջոցներ, որոնց դեպքում հնարավոր է ԱԱՀ-ից ազատում կիրառել»,- ասաց պատգամավորը։
Հարցը օրակարգ չմտավ՝ 37 կողմ, 66 դեմ ձայների հարաբերակցությամբ։