Պետք է ջանքեր գործադրենք տարածաշրջանում հասնելու իրական փոփոխությունների. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը:
«Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը:
Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` նման կարևոր նախաձեռնության համար և նշել, որ այն կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու անվտանգության ժամանակակից մարտահրավերները և մշակելու համատեղ բանաձևեր` այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։
«Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետև հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, և ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է և լարված հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև որոշակի բացասական ազդեցություն են ունենում։
Բայց իհարկե մեզ համար անվտանգության ամենակարևոր մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Եվ, անկեղծ ասած, դառնալով Հայաստանի վարչապետ և ընդգրկվելով միջազգային հարաբերություններում՝ ես անակնալի եկա, որ միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան։
Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա. ով շահագրգռված է ԼՂ հարցով, պետք է իմանա, թե ինչո՞ւ է այս կոնֆլիկտն առաջացել։ Առաջին հերթին, պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին։ Երբ 1986-ին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային միության ղեկավար, նա սկսեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց և հայտարարեց ժողովրդավարություն, պերեստրոյկա։ Ղարաբաղի բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որ եղել և մնում են հայեր, և նրանք ունեին ինքնավար մարզի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանում, որոշեցին օգտագործել այս հնարավորությունը և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ճնշել այս շարժումը օգտագործելով ուժային լծակներ՝ ոստիկանություն և այլ։ Այս կոնֆլիկտի ամենասկզբնական փուլն այսպես է ձևավորվել։ Այնուհետև, երբ սկսվել է ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը, ինչպես շատ այլ խորհրդային պետություններ, որոշեց դառնալ անկախ պետություն։ Իսկ ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ եթե որևէ անդամ հանրապետություն որոշում է անկախանալ, ապա նրա կազմում գտնվող ինքնավար մարզն ինքն է որոշում իր ապագան։
Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը ևս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով և ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, և արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85 %-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։
1995 թ-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Դրանից հետո, և նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձևաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան։
Բանակցային գործընթացը սկսել է նույնիսկ 1992-ից։ Շատ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ։ Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների, նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։ Դժբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը դեռ լուծված չէ։
Մի քանի պատճառ կա դրա համար։ Առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Արդյունքում (ոչ միայն այս գործոնի բերումով, բայց նաև դրա)` այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ։ Մերժում է անգամ բանակցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, ուր ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները։ Մինչդեռ համաձայն այս ձևաչափի՝ կան բանակցային երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։
Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետև հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի:
Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում: Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Որևէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժիշտի, ութ տարեկան երեխայի և ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում:
Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում:
Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, և դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում:
Հաջորդը ի՞նչ է լինելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ