Թբիլիսին հայտարարում է՝ Վրաստանին ՆԱՏՕ չեն ընդունում Ռուսաստանի պատճառով
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դաշինքի անդամների միջև կոնսենսուս գոյություն չունի «ռուսական գործոնի» պատճառով: Այս մասին նախօրեին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին՝ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք պետք է ելնենք իրականությունից: Մի բան է մեր ցանկությունը, մեկ ուրիշ` դա իրականացնելու ճանապարհը: Այսօր ՆԱՏՕ-ի անդամների միջև ընդհանուր համաձայնություն չկա Վրաստանի անդամակցության վերաբերյալ, իհարկե, դրանում որոշիչ դեր է խաղում ռուսական գործոնը», - ասել է Գարիբաշվիլին:
Նշվում է, որ Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից; 2002-ի նոյեմբերին այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն (1928-2014) Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց Վրաստանի՝ դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին: Այս ձգտումը հաստատեց հաջորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նոր կառավարությունը, որը իշխանության եկավ 2012-ի հոկտեմբերին «Վրացական երազանք» կոալիցիայի տարած հաղթանակից հետո, շարունակեց իր ընթացքը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարելով, որ «ամենակարևոր խնդիրը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փուլային կարգավորումն է՝ առանց վնասելու Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: 2015 և 2016 թվականներին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելեց Թբիլիսի՝ վստահեցնելով, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց հստակ տարեթվեր ասելու։