Հիմա գնդակը գործընկերների դաշտում է. Պապիկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Վերին Լարսի երկկողմանի թողունակությունն օրական ընդամենը 170 բեռնատար է, բայց մինչև 800 բեռնատար է անցնում այդ անցակետով:
«Ես կարծում եմ՝ հաշվի առնելով, որ մեր գյուղատնտեսության ոլորտի այդ ուղին սպասարկող ճանապարհների թողունակությունը սահմանափակ է, ժամանակն է, որ մենք մտածենք լաստանավի մասին` որպես այլընտրանքային ուղի։ ՌԴ-ն ապրիլ-մայիս ամիսներից նախատեսել է Վերին Լարսի վերակառուցում: Այդ փուլում բեռնատարների թողունակությունն ավելի կթուլանա»,- ասաց պատգամավորը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից նա հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Վերին Լարսին այլընտրանք գտնելու համար:
«Բյուջեի քննարկման ժամանակ առիթ ունեցել ենք այս հարցին անդրադառնալու: Այն ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում եմ մեկնել Մոսկվա` բանակցելու իմ գործընկերների հետ, որտեղ արծարծվելու էր նաև այս թեման: Այդ բանակցություններն ընթացել են և շարունակվելու են նաև նոյեմբերի 18-21-ը Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ» կոչվող միջոցառմանը։ Բանակցությունների ընթացքում նախնական հետաքրքրվածություն են հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Այժմ նման հնարավորություն ընձեռված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով այն մեզ տրամադրելու հարցը»,- պատասխանեց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ հիմա գնդակը գործընկերների դաշտում է, պետք է պատասխանեն:
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա». Վերին Լարսի մաքսային անցակետը փակեց հայկական պանրի մուտքը ՌԴ
- ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան
- Վարորդների պնդմամբ՝ Վերին Լարսում ռուս մաքսավորները կաշառքներ են պահանջում. Արման Բաբաջանյան
- ԵԱՏՄ խորհրդի նիստում բարձրացվել է Լարսում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը