Սենց կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում. Միքայել Մելքումյան
2019 թվականի բյուջեի նախագծով պետական ծախսերը նախատեսված էին 221 միլիարդ դրամ, սակայն նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 մլրդ դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, 221 մլրդ դրամից ընդամենը ծախսվել է 89 մլրդ-ը, այսինքն՝ 500 մլն դոլարից ծախսել է 150 մլն-ը, իսկ 350 մլն դոլարը կառավարությունը չի կարողացել ծախսել: Այ քեզ բան, հիմա փողը կա, բայց չեն կարողանում ոլորտը գտնել, որ ծախսեն։ Բացատրությունը քաղաքական մակարդակով հնչել է, որ այն բոլոր տենդերները, որտեղ պետք է իրացվեին այդ պետական ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, նորերը չեն առաջանում, մի մասի վրա էլ քրեական գործեր են հարուցված: Հիմա եթե ներդրումային միջավայրը նպաստավոր է, ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ընկերություններ, որոնք համապատասխան փորձառություն ու տեխնիկա ունեն»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նշեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով էլ այդ ծախսերի համար նախատեսված է 359 մլրդ դրամ:
«Հիմա մենք չենք կարողանում ծախսել այդ գումարը, բայց բարձրացնում ենք 359 մլրդ-ի, որը կազմում է մոտ 750 մլն դոլար։ Գիտե՞ք, սա ինչի համար են անում, որ այդ գումարները դնեն Կենտրոնական բանկի հաշվին: Այսօր ԿԲ համապատասխան հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, և դրանից ավանդային կամ դեպոզիտային տոկոս է ստացվում: Եղբայր, եթե այս երկրում եղել է քաղաքական հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն ենք ուզում, բայց մի կողմից պետական բյուջեով դրված փողը չենք կարողանում ծախսենք, մյուս կողմից լրացուցիչ հարկերը, որ հավաքել ենք, տանում ենք էդ գումարը դնում ենք ԿԲ-ում: Ի՞նչն է խնդիրը, բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ էդ փողերը ծախսվեն: Սենց կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում»,- նշեց Միքայել Մելքումյանը: