Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա. ԱԽ քարտուղար
«ԱԱԾ հայտարարությունից ավելի բան այս պահին չեմ կարող ասել»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը։
«Նմանատիպ խնդիրներն օրակարգում են՝ և ԱԱԾ-ի, և այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Սրանք իսկապես լուրջ սպառնալիք են երեխաների անվտանգության համար»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ կարող է երեխաների օրգանների վաճառքի մասին խոսք լինել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա, եթե հավելյալ տեղեկություն լինի, այդ մասին կխոսեն»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: