«Արմավիր» ՔԿՀ-ում 19-ամյա կալանավորի ինքնասպանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով:
Ավելի վաղ անդրադառնալով դեպքին, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ Արշակ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
««Արմավիր» ՔԿ հիմնարկում նորից ինքնասպանության դեպք է գրանցվել։ Այս անգամ՝ 19 տարեկան կալանավորված անձ։ Թե' տարիքը, թե' իրավական կարգավիճակը շատ անհանգստացնող են։
Առաջարկում եմ՝
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն
1. Հանրապետությունում գործող հոգեբական (նաև հոգեբուժական) ծառայությունների, ոլորտային մասնագետների հետ համագործակցությամբ, իրականացնել ՔԿՀ-ներում ինքնավնասումների/ինքնասպանության համապարփակ վերլուծություն՝ առնվազն հետևյալ բլոկներով.
֊ տարիք
֊ իրավական կարգավիճակ
֊ վայր՝ կարանտինում, խցում, կացարանում...
֊ օրվա ժամ
֊ նախկին փորձ կամ հոգեկան առողջության խնդիրներ
֊ հնարավոր/հավանական պատճառականություն
2. Քննարկել ստացված տվյալները քրեական արդարադատության մյուս մարմինների՝ հատկապես քննչական կոմիտեի ու դատախզության հետ՝ քննության որակի բարձրացման ուղղությամբ
3. Արդյունքները քննարկել դիտորդական_խմբի, ՄԻՊ֊ի ու ոլորտային ՀԿ֊ների հետ՝ մոնիթորինգային գործիքների ու թիրախ խմբին ծառայությունների մատուցման որակի բարձրացման, հաշվետվողականության ուղղությամբ
4. Արդյունքները ներառել բժշկական նոր ՊՈԱԿ֊ի գործունեության ու ՍՀԻԱ ծառայության կողմից ազատազրկվածների դասակարգման գործընթացներում, ինչպես նաև դինամիկ անվտանգության համակարգի ներդրման գործում
5. Արդյունքները ներառել բանտային կառավարման (մենեջմենթի) որակի գնահատման պրոցեսում»։