Հովհաննես Խուդոյան. Դա մեզ հետ չի պահի նոր միջնորդությունները ներկայացնելուց
«Մենք միշտ ներկայացնելու ենք օրենքով նախատեսված ընթացակարգով մեր պաշտպանյալի իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջնորդությունները։ Մենք ակնկալում ենք, որ այս դատարանից, դատախազությունից անձի իրավունքների հարգման ականատես չենք լինելու, բայց դա մեզ հետ չի պահի միջնորդություններ ներկայացնելուց»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր դատական նիստի ու նման ակտից հետո ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ այս պրոցեսը արդարադատության ու իրավական պետության հետ որևէ առնչություն չունի, դատավորն ամեն հաջորդ որոշմամբ ավելի է ամրապնդելու այն կարծիքը, որ ինքը կանխակալ է գործում։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք դատարաններին, այս գործով, թե այլ, որպեսզի նրանք իրականացնեն արդարադատություն»,-ասաց նա։
Խուդոյանն ասաց, որ հիմքեր են տեսնում դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար, սակայն այդ հարցը պետք է քննարկի գործընկերների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
- Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
- Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
- Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին