ՔԿՀ-ներում ինքնասպանությունների դեպքերն ավելացել են
«Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ներում այս տարի ինքնասպանությունների դեպքերի ավելացում է նկատվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Արմավիր ՔԿՀ-ում հայտնաբերված կալանավոր Սարգիս Աբելյանի ինքնասպանությանը։
Սիմոնյանի խոսքով, 2017 թվականին արձանագրվել է 17 մահվան և 2 ինքնասպանության դեպք, 2018 թվականին պատկերը գրեթե նույնն էր՝ 18 մահվան դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Միայն մեկ դեպքով էր հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը 2018 թվականին շարունակվում էր։
«Կան ազատությունից զրկված որոշ մարդկանց խմբեր, ում կողմից ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը բարձր է։ Նրանց թվում են անչափահասները, երիտասարդները, ովքեր առաջին անգամ են հայտնվել ՔԿՀ-ներում։ Նրանց առաջին մուտքի ժամանակ հաշվի չի առնվում ինքնասպանության ռիսկայնության հստակ որևէ մեխանիզմ։ Հոգեբույժի կողմից զննություն չի իրականացվում»,- նշեց Գոհար Սիմոնյանը։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով, թե բանակում, թե ՔՀԿ-ներում տեղի ունեցած ինքնասպանությունների գործով դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
«ՔՀԿ-ներում հոգեբանների պակասը, ռիսկայնության գնահատման բացակայությունը բերում են էս դեպքերին։ Իսկ քրեական գործերը, որոնք հարուցվում են, տարիներով ձգվում են, սակայն կյանքի իրավունքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվում, և այդ քրեական գործերը կասեցվում են, թե իբրև մեղավորներին հնարավոր չէ բացահայտել», -ասաց նա։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Սարգիս Աբելյանի «ինքնասպանությունից» հետո ահաբեկված դատապարտյալները զանգել են իրեն։
«Պատմեցին, որ այդ տղան մանկատանն է մեծացել և ազատազրկվել է գողության և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Լուրը ստանալուց հետո ես զանգեցի արդարադատության նախարարության թեժ գիծ, սակայն պարզվեց, որ հագստյան օրերին թեժ գիծը չի աշխատում։ Մենք ունենք վիճակագրություն, որ այդպիսի դեպքերը տեղի են ունենում ուրբաթ երեկոյից սկսած մինչև կիրակի գիշեր։ Ես չեմ հասկանում՝ ում ա պետք էդ թեժ գիծը, եթե չեն աշխատում ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Արմավիր ՔԿՀ-ում տարվա առաջին եռամսյակում մահվան դեպքերը 13-ն են եղել։ Ես շատ տեղեկություններ ունեմ, որ այնտեղ հսկիչները, աշխատակիցները բռնություն են կիրառում դատապարտյալների նկատմամբ։ Այս ինքնասպանության դեպքերը համոզում են, որ բռնության մթնոլորտ կա»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան