Անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը. ԱԽ քարտուղար
«Ներկայումս ՀՀ-ում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով մենք քննարկման կներկայացնենք փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո»,- Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին իր ելույթում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ մամուլի գրասենյակի փոխանցմամբ, անդրադառնալով կենսաբանական անվտանգության հարցերին, նա նշել. «Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը»։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց օրակարգի մեկ այլ թեման օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումն է։
«Մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը: Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր»,- ասել է նա: