ՍՁ մեծ ԹԵՅախմությունը՝ վաղը
Նոյեմբերի 21-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի սոցիալական ձեռնարկատիրության* միջազգային օրը: Այդ կապակցությաբ «Հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի» նախաձեռնությամբ ոլորտում աշխատող մի շարք կազմակերպություններ և փորձագետներ կազմակերպում են Հայաստանում ամենաՄԵԾ ԹԵՅախմությունը:
Հաշվի առնելով Հայաստանում ՍՁ-ների աշխարհագրական բաշխվածությունն ու այս ուրախ տոնին միանալ ցանկացողների մեծ թիվը` թեմատիկ մեծ թեյախմության առանձին միջոցառումներ միաժամանակ կանցկացվեն ՀՀ բոլոր մարզերի և Արցախի շուրջ 2 տասնյակ վայրերում:
Կազմակերպիչներն առաջարկում են համատեղել օգտակարն ու հաճելին. միանալով Հայաստանի տարբեր անկյուններում նախատեսված թեյախմության միջոցառումներին` մասնակիցները կարող են նպաստել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության՝ խնդիրների լուծման այլընտրանքային մեխանիզմներ առաջարկող, կրեատիվ ու բարի բիզնեսի տարածմանն ու զարգացմանը:
Կազմակերրպիչներն առաջարկում են միանալ տոնին, անգամ, եթե արտերկրում եք, կամ տնից դուրս գալու հնարավրություն չունեք. պարզապես գնում եք նոյեմբերի 21-ը խորհրդանշող բաժակ-տոմսակը՝ նվիրաբերելով բաժակի գումարը մարտ ամսին կայանալիք ՍՁ գաղափարների մրցույթի իրականացմանը:
Նախաձեռնողները հավաստիացնում են՝ համեղ թեյ ճաշակելուց բացի սա հրաշալի առիթ է սոցիալական ձեռարկատիրության մասին ավելի շատ բան իմանալու/պատմելու, ՍՁ համայնքի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման, սեփական ՍՁ գաղափարները ներկայացնելու, պոտենցիալ ներդրողների ու գործընկերների հետ ծանոթանալու համար:
Նախաձեռնությանը միացել են ինչպես տարբեր կազմակերպություններ և անհատներ, այնպես էլ ԱԺ պատգամավորներ, ոլորտին առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ովքեր նաև այս օրերին քննարկում են ոլորտը համակարգող հայեցակարգի աշխատանքային տարբերակը:
Հայաստանի ամենաՄԵԾ ԹԵՅախմության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՍՁ ՄԵԾ ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ ֆեսբության պաշտոնական էջն ու տեղեկանալ՝ ինչպես ձեռբք բերել բաժակ-տոմսակները:
Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: