Հույն նախարար. Թուրքիան ԵՄ-ից պահանջած գումարը չի կարող ստանալ սպառնալիքների և շանտաժի միջոցով
Հունաստանի միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յորգոս Կումուչակոսն անդրադարձել է սիրիացի փախստականների հարցին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուս պաշտոնյաների սպառնալից հայտարարություններին:
Agence France-Presse (AFP)-ին տված հարցազրույցում հույն նախարարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է աջակցություն ստանալ ԵՄ-ից, ուրեմն պետք է դադարեցնի շանտաժը:
«Թուրքիան անընդհատ ասում է «կբացենք դարպասները» և այդ փախստականներին, որոնք սպասում են դարպասների բացմանը, ավել շատ հավաքում դարպասների մոտ: Մայիսից ի վեր Հունաստանի ափեր հասած փախստականների թիվը 240%-ով աճել է»,-ասել է Կումուչակոսը: Վերջինս նաև նկատել է տվել, որ Հունաստանը ցանկացել է, որ ԵՄ-ն դրական արձագանքի Թուրքիայի կողմից ներկայացված 6մլրդ եվրո ֆինանսական աջակցության պահանջին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Թուրքիան շանտաժներով և սպառնալիքներով է պահանջում այդ գումարը, բայց եվրոպացիների համար անհրաժեշտ դրական մթնոլորտը չի ձևավորում, որպեսզի որոշվի հատկացնել այդ գումարը: Եվրոպան չի կարող գործել սպառնալիքներով և շանտաժներով»:
Կումուչակոսի խոսքով` Անկարան պետք է հասկանա, որ այդ ձևով չի կարող համագործակցել Եվրոպայի հետ:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել էր Թուրքիայի նախագահի` «կբացենք դարպասները» սպառնալից հայտարարությանը. «Ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ եթե ցանկանում է Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ապա չպետք է փախստականներին այդ ձևով օգտագործի»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն դատապարտել էր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի` «խաղաղության ակունք» ռազմագործողությունը, ինչին ի պատասխան` Էրդողանը ասել էր.
«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ