Կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթ
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին:
Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով:
Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ և արձանիկ-մրցանակը, որը հեղինակել է քանդակագործ Նուռը: Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների, անհատների կողմից:
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: