Գեղարդավանքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է
Այս տարվա սեպտեմբերին Գեղարդավանքում կարգալույծ արված նախկին եկեղեցականները ցանկացել էին իրականացնել ծիսակատարություն, ինչի իրավունքը չեն ունեցել։
Միջադեպի մասին ոստիկանությունը հաղորդում էր ստացել։ Panorama.am-ը ոստիկանությունից փորձեց պարզել, թե ինչ ընթացք է տրվել հաղորդմանը։
«Հոկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,-հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Քրեական դատավարության վերոնշյալ հոդվածը սահմանում է. «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»։
Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին ժամը 18։40-ին ոստիկանության Կոտայքի բաժնում մի եկեղեցականից հաղորդում էր ստացվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են եկել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ։ Նրանք կրել են եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից նույնպես զրկված են եղել եկեղեցական կանոնակարգով։
Նրանց կոչ է արվել, որ նման բան չանեն, քանի որ ծիսակատարության իրականացումը վերապահված է միայն եկեղեցականին։