Մեծ Բրիտանիայում ընտրությունները հենված են Բրեքզիթի խնդրի վրա
Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու, այսինքն՝ Բրեքզիթի խնդիրը այսօր մեծապես է բաժանում ժողովրդին ու քաղաքական գործիչներին։ Դեկտեմբերի 12-ին նշանակված համընդհանուր ընտրությունների նախօրեին անցկացված հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնն ասում է, թե իր պահպանողական կառավարությունը երկիրը Եվրոպական միությունից դուրս կբերի հունվարին և Միության հետ առևտրային գործարքը կլինի դյուրին։ Նրա խոսքերով, Լեյբորիստական կուսակցության հաղթանակի դեպքում Բրեքզիթը նորից առաջ կբերի խառնաշփոթ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի խոսքերով էլ, իրենք ցանկանում են բանակցել Եվրոպական միությունից դուրս գալու ավելի լավ պայմանների շուրջ։
Ինչ վերաբերում է երկրի ավելի փոքր ընդդիմադիր կուսակցություններին, պետք է ասել, որ նրանք դժգոհ են, որ չեն ստանում բանավեճին մասնակցելու հնարավորություն։ Ինչպես նրանցից Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնն է ասում, Ջոնսոնի և Քորբինի կուսակցությունները, երկուսն էլ ցանկանում են, որ Բրեքզիթը տեղի ունենա, սակայն երկիրը Եվրոպական միության մեջ պահելու կողմնակիցների ձայնը չի լսվում։
Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Ստըրջընը նորից կրկնում է Շոտլանդիան անկախության տանելու իր կուսակցության պահանջը։
«Հիմա ավելի լավ կարելի է հասկանալ, թե որքան կարևոր է մեր ապագան Բորիս Ջոնսոնից և Ջերեմի Քորբինից հեռու պահելու հանգամանքը»,- ասում է նա։
Ե՛վ Ջոնսոնը, և՛ Քորբինը խոստանում են ավելի մեծ հատկացումներ առողջապահության, կրթության ու կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերում։ Սակայն ինչպես փորձագետներն են ասում, Բրեքզիթի թեման է շարունակելու մնալ հաջորդ խորհրդարանի սեղանի վրա։
Նրանցից Այոն Բոնդի խոսքերով, «եթե Մեծ Բրիտանիան թողնի Եվրոպական միությունը հունվարի 31-ին, մեր առջև կկանգնեն անկայունության ևս մի քանի տարիներ, մինչև կընթանան Միության հետ առևտրային ապագա գործարք կնքելու շուրջ բանակցությունները»։
Իսկ անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից՝ Բորիս Ջոնսոնից և Ջերեմի Քորբինից, որ մեկը կդառնա երկրի հաջորդ վարչապետը, նրանց պաշտոնավարման ժամկետի տևողությունը կախված կլինի Բրեքզիթի ընթացքից։