Քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի նկատմամբ աճել է. Արարատ Միրզոյան
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն՝ այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ։
«Այնուամենայնիվ, ինչպես Հայաստանում բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ վերջին երկու տասնամյակից ավելի ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորությունները, և սա տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով»,- ասաց Արարատ Միզոյանը։
Նրա խոսքով՝ 2018 թ-ից հետո Հայաստանում ստեղծված են լավագույն պայմանները՝ օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար։
«Քանի որ օմբուդսմենն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան և չեն կարող լինել որևէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար։ Եվ մենք հանդիսանում և հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը»,- ընդգծեց նա։
Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ հեղափոխությունից հետո մեծապես աճել է քաղաքացիների վստահությունը ՄԻՊ և նրա գրասենյակի նկատմամբ, ինչի մասին խոսում է ԱԺ-ին ուղղվող դիմումների էական աճը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների. Փաշինյան
- Այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ օրակարգ կա. վարչապետ