ՄԱԿ-ը տագնապած է Կոնգոյի արևելքում իրավիճակի սրմամբ
Հարյուր հազարավոր կոնգոցիներ զրկված են մարդասիրական օգնությունից, որի կարիքն առաջացել է Հյուսիսային Կիվուի արևելյան նահանգում ռազմական գործողությունների և զանգվածային ցույցերի պատճառով: Մոտ հարյուր մարդ արդեն սպանվել է, հարյուր հազարավոր մարդիկ էլ փախուստի են դիմել: ՄԱԿ-ը պահանջում է, որ գրոհայինները անմիջապես հնարավորություն ընձեռեն՝ հուսահատ մարդկանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու: Այս մասին գրում է Զլմ-ները:
Նոյեմբերի 2-ից Բենիի տարածքում բռնի հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, բայց այդ թիվը, ամենայն հավանականությամբ, աճելու է: Հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում կանայք և երեխաներ, ստիպված են եղել լքել իրենց տները:
Պաշտոնական թվերի համաձայն, փախստականների թիվը հասնում է 1 միլիոնի, որից 270 հազարը՝ ներքին փախստականներ: Մարդասիրական կազմակերպությունները չեն կարողանում փախստականներին օգնություն ցուցաբերել։ Իսկ Բենիից անընդհատ հայտնում են դպրոցներում և բուժհաստատություններում զոհերի մասին։
Իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևելքում (DRC) սկսեց արագորեն վատթարանալ հոկտեմբերի վերջին, երբ կառավարությունը ռազմական գործողություն սկսեց Միացյալ Դեմոկրատական ուժերի ապստամբ խմբի դեմ: Զինյալները հարձակվում են տեղի բնակիչների վրա և արդեն սպանել են տասնյակ մարդկանց:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) կոչ է անում կողմերին անհապաղ ճանապարհ տալ մարդասիրական միավորներին՝ բնակչությանը՝ հատկապես երեխաներին, օգնելու համար. «Նրանցից շատերը կորցրել են ծնողներին կամ ստիպված են եղել միայնակ փախչել, բացի այդ նրանք կարող են բռնի զորակոչվել զինված խմբավորումներ: Կանանց սպառնում է սեռական բռնություն, որը տարածված է: Հարյուրավոր ընտանիքներ հանգրվանել են դպրոցներում և եկեղեցիներում»: