Մարդկային ցեղը ունի մի կանոն՝ «ամենալավը երեխաներին», իսկ մեր երկրում հակառակն է. Արմեն Պողոսյան
«Մեր երկրում մարդկանց 37%-ը ապրում է աղքատության շեմից ներքև։ Եվ նրանց համար առողջության ապահովագրումը կլինի ծանր բեռ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ վաղ է առողջության նոր հարկատեսակի մասին խոսելը։
Պողոսյանի խոսքով, Հայաստանում մարդիկ իրենց եկամուտի 65%-ը ծախսում են սննդի վրա, 25%-ն էլ՝ կենցաղի վրա, ուստի առողջապահությունը դուրս է մղվում. «Աշխարհում բարեկեցության գնահատման տարբեր չափանիշներ կան։ Մեզ համար ամենակարևոր չափանիշն այն է, թե իր եկամուտի որ մասն է մարդը ծախսում սննդի վրա։ Հայաստանում էդ ծախսը կազմում է 65%: Առաջավոր, զարգացած երկրներում 25-30% է այդ ցուցանիշը։ Եվ եթե հաշվի առնենք, որ մարդիկ իրենց եկամուտի 25%-ն էլ կենցաղային ծախսերի համար են օգտագործում, հոգևոր կյանքն ու առողջապահությունը դուրս են մնում։ Դրա համար պետք է օպտիմալ լուծում գտնենք։ Էս պահին վաղ է առողջության նոր հարկատեսակի մասին խոսելը»։
Անդրադառնալով մանկապարտեզներում թունավորումների դեպքերին՝ Արմեն Պողոսյանը նշեց՝ մարդկային ցեղը ունի մի կանոն՝ «ամենալավը երեխաներին», իսկ մեր երկրում լրիվ հակառակն է։
«Կարծես մենք այլ մոլորակում ենք ապրում։ Մեր երեխաները պարբերաբար թունավորվում են մանկապարտեզներում, դպրոցներում։ Արտաշատի մանկապարտեզում թունավորումը վերջին դեպքը չի, տեղեկացել եմ, որ թունավորման այլ դեպքեր էլ են եղել։ Բայց Արտաշատի դեպքում 23 երեխա մանկապարտեզից տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի սարսափելի բան կարո՞ղ է լինել։
Պատասխանատու մարմինը անգործության է մատնված։ Թունավորման դեպքի հետ կապված մենք միշտ դիմել ենք և դատախազություն, և առողջապահության նախարարություն, և ՍԱՊԾ, ու բոլոր դեպքերում ստացել ողբալի պատասխաններ։ Երկրի գլխավոր դատախազը թղթի վրա գրում է, որ սննդի փորձաքննության արդյունքը պետք է 48 ժամում ներկայացնել, իսկ ես սխալմամբ գրել էի 52 ժամ։
Այսինքն՝ ինքը իմ թվային սխալ ինֆորացիան ուղղում է, բայց պատասխանը չի ուղարկում։
Բացի այդ, մանկապարտեզներում օրվա սննդակարգի բոլոր բաղադրիչներից մեկական օրինակ պահպանվում է սառնարանում։ Եվ անհրաժեշտության դեպքում Սննդի տեսչական մարմինը պետք է ուտելիքի նմուշը վերցնի և ուղարկի փորձաքննության։ Բայց ես այդ մարմնի ղեկավարից պատասխան եմ ստացել, որտեղ ասվում է՝ գիտեք, էդ օրը ուրբաթ էր, էդ պատճառով սննդի նմուշները չեն պահպանվել։
Օրենքը չի ասում ուրբաթ կամ կիրակի, օրենքն ասում է 48 ժամ։ Ես ասում եմ՝ պետք է այդ մարմինը լուծարել, բոլորին անվստահություն հայտնել և ուղարկել տուն։ Պետք է խելացի մարդկանց հավաքել և համակարգը փոխել»,- նշում է Արմեն Պողոսյանը։