Լճաշենում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում նշված համայնքի վարչական տարածքում՝ Սարատեղի տանող ճանապարհի հարևանությամբ, հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից կատարված ընդհանուր` մոտ 12.954 ք/մ մակերեսով տարածքի հողերի խախտման և 11.271 խմ սևահողի հանման դեպքեր։
Դատախազությունից հայտնում են, որ «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ.-ի որոշման հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և
ոչնչացման) հետևանքով պատճառվել է էական՝ մոտ 2մլն դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել Լճաշեն համայնքի վարչական տարածքում՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին, ՀՀ գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: