Գորբաչովը կոչ է ուղղել Մոսկվային ու Վաշինգտոնին
Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է անեն հնարավորը, որպեսզի թույլ չտան նոր սառը պատերազմ, որը կարող է հասնել տաք աստիճանի և հանգեցնել ամբողջ քաղաքակրթության կործանմանը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։
Նրա խոսքով, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելը մեծ սխալ կլինի, քանի որ նման գործողությունների իրական նպատակը պետք է լինի հրաժարումը միջուկային զենքից։ Գորբաչովը խոստովանել է, որ հիմա այդ նպատակի իրագործումից շատ հեռու են, քանի որ Մոսկվան ու Վաշինգտոնը չունեն փոխվստահություն։ Նախկին խորհրդային առաջնորդը նկատել է, որ հիմա երկու երկրի հարաբերություններն ավելի վատ են, քան եղել են սառը պատերազմի ավարտից հետո ամբողջ ժամանակաշրջանում։