Պարոն Մարուքյան, շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում. Գևորգ Պետրոսյան
«Մի տեսակ համ ուրախ եմ, համ տխուր»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Պատգամավորի խոսքով՝ ուրախ է, որ նախորդ անգամ դեմ էին արտահայտվում այս նախագծին, քանի որ երկրում ազգային անվտանգության խնդիրներն ինչքան ավելանում են, այնքան պարտավոր են աչալուրջ լինել և կարողանալ դիմակայել դրանց: «Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ կապ չունի, թե ԱԱԾ տնօրենն ով է: Իհարկե, կապ ունի, մարդը պետք է պրոֆեսիոնալ լինի այդ գործում»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նա միաժամանակ իր զարմանքը հայտնեց, որ նախորդ քննարկման ժամանակ կողմ, իսկ հիմա դեմ են արտահայտվում նախագծին։
«Առաջին ընթերցումից հետո այդ ի՞նչ պատահեց: Փոխնախարարը հիմնավորում էր, որ կարևոր է դրսից մարդ բերել այդ պաշտոնին, իսկ հիմա ի՞նչ պատահեց։ Պարոն Մարուքյան, Դուք էլ շատ մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, հիմա այս մեկն էլ թող Ձերը չանցնի էլի»,- կատակեց պատգամվորը։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից, այս կամ այն թիմում գտնվելու հանգամանքից, պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվել ազգային անվտանգության խնդիրներին։
Պատգամավորի խոսքով՝ այսօր առավել քան երբևէ ՀՀ-ն կանգնած է բազմաթիվ երևելի և աներևույթ մարտահրավերների առաջ:
«Մենք կարող ենք շատ հարցեր անտեսել, բայց ազգային անվտանգության խնդիրներն անտեսելու իրավունք չունենք: Իսկ այն, որ համակարգը պետք է ղեկավարի կոմպետենտ մարդ, որը տիրապետում է ոլորտին, ինձ թվում է, որ սա որևէ մեկի համար վիճելի չէ»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Է, դուք գնացեք, զեկուցեք իրենց. Է՞դ է ձեր պատկերացրած հակակշիռների մեխանիզմը. Մարուքյան
- ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ