Գյուղական գրունտային ճանապարհների վերանորոգման նոր տեխնոլոգիա է մշակվել. Պապիկյան
«Սիս գյուղի ճանապարհի շարունակությունը՝ մոտավորապես 7.3 կմ ծրագրում են ասֆալտապատել 2021 թվականին։ Այժմ ասֆալտապատել ենք 2.4 կմ ճանապարհ։ Աշխատանքներն ավարտել ենք մոտավորապես 3 ամիս առաջ, իսկ օրեր առաջ ավարտեցինք նաև գծանշումները։ 2020 թվականին ընդհանուր առմամբ 500 կմ ճանապարհ ենք ասֆալտապատելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի խոսքով, գյուղական գրունտային ճանապարհների վերանորոգման նոր տեխնոլոգիա է մշակվել. «Հիմա գրունտով կարողանում են ստանալ արդիական ճանապարհ, որը գրեթե չի տարբերվում ասֆալտից, բայց հայաստանյան գրունտը պարզվեց, չունի այն ամրությունը, որն ունի, օրինակ, ռուսաստանյան գրունտը: Դրա համար որոշեցինք, որ ասֆալտով կանենք, որը փորձվել է և շատ ավելի ամուր է»:
Հարցին, թե արդյոք կա երաշխիք, որ նոր ասֆալտապատված ճանապարհները երկարաժամկետ են ծառայելու, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է մարդկանց հետևողականությունից։
«Եկեք անկեղծ լինենք, ամեն ինչ կախված է մեր և ձեր հետևողականությունից: Մենք մեր կողմից փորձում ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով իրականացնել: Պիտի կարողանանք նոր կադրերով համալրենք մեր շարքերը, արդիականացնենք ճանապարհաշինության ձևը, որակը: Ընդհանրապես, բովանդակությունը պետք է փոխվի և այդ ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք: Առաջիկայում նախատեսում ենք նաև լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետերում, որպեսզի այն բիտումը, որ ներկրվում է Հայաստան, որը նաև ասֆալտի հիմնական հատվածն է, որակի ստուգում անենք և որևէ մեկը չկարողանա խաբել կապալառուներին»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով, Հայաստաում այժմ բիտումի արտադրություն չկա։
«Հիմնականում ներմուծում ենք ԻԻՀ-ից, ես հիմա բանակցում ենք նաև ռուս գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ռուսական բիտում ներմուծել, որը որակով մի փոքր ավելի բարձր է»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում