Ես մեծ բախտ եմ ունեցել, որովհետև 4 տարի եղել եմ ռազմաճակատում. Ռոզալիա Աբգարյան
«Հայրենական պատերազմը մի այնպիսի երևույթ էր, որը ստուգեց մեր ժողովրդի սերը հայրենիքի նկատմամբ։ Այն ցույց տվեց մեր ժողովրդի ուժը և էներգիան։ Ճիշտ է՝ հիմա ժամանակը ուրիշ է, և արևմուտքից շատ մարդիկ ուզում են խեղաթյուրել հայրենական պատերազմի նշանակությունը և հաղթանակը վերագրեն իրենց, բայց դա այդպես չէ, ճիշտ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց մեծ հայրենականի մասնակից Ռոզալիա Աբգարյանը՝ ներկայացնելով Հայաստանում Մեծ հայրենականի հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը:
Ներկայացնելով իր անցած ուղին՝ Ռոզալիա Աբգարյանը նշեց. «1941 թվականին մենք ավարտեցինք դպրոցը և մտածելով, որ կարող ենք երկար կյանք ունենալ, նոր կյանք ունենալ, ընդունվել համալսարաններ և ստանալ նոր մասնագիտություն։ Բայց հաջորդ օրն առավոտյան իմացանք, որ սկսվել է Մեծ հայրենական պատերազմը։ Ես այն ժամանակ դպրոցի կոմերետական միության քարտուղարն էի, և զանգեցի աշակերտներին, որոշեցինք զորակոչվել բանակ։ Գնացինք, բայց ոչ բոլորը եկան։
Ես մեծ բախտ եմ ունեցել, որովհետև 4 տարի եղել եմ ռազմաճակատում, Ստալինգրադի մատույցներում վիրավորվել եմ, ընկել հոսպիտալ, որից հետո ինձ ուղարկեցին Լուգանսկ քաղաք։
Բայց սառնամանիք էր, մենք էլ սովոր չէինք էդ ցրտերին, կոշիկներս այնպես էին սեղմել ոտքերս, որ դրանք ցրտահարվել էին։ Եվ հազիվ հասա ես Լուգանսկ։ Այնտեղ ինձ ուղարկեցին սանբաժին. կոշիկներս կտրեցին, ոտքերս բուժեցին, հասարակ, ոտքովս մեծ կոշիկներ հագցրին ու ասացին՝ դե աղջիկ ջան, գնա բանակ և պաշտպանի մեր երկիրը։ Ես ռադիստ էի։ Մենք ներքևից օդարուներին հաղորդում էինք՝ ինչ հեռավորությամբ ռումբը նետեն, որպեսզտի հակառակորդին վնասի, այլ ոչ թե ընկնի չեզոք գոտի կամ մեր դաշտ։ Այդպես մենք շատ-շատ անգամ օգնել ենք օդաչուներին»։
Ռոզալիա Աբգարյանի խոսքով, պատերազմի ընթացքում ամենածանր պահը եղել է Լուգանսկում նահանջը։
«Որովհետև մենք թողնում էինք մեր երկիրն ու ժողովուրդը։ Եվ մենք պետք է հավաքեինք ուժերը, որպեսզի կարողանանք նորից առաջ գնալ և ազատագրել մեր հողերը։ Ես հիշում եմ՝ ինչպես մենք պետք է հատեինք Դոն գետը... ժողովուրդը ափին հավաքված խնդրում էր, որպեսզի իրենց էլ այդ կամուրջներով տեղափոխենք մյուս ափը, բայց մենք դա չէինք կարող անել և ժողովրդին ասում էինք՝ մենք դեռ կգանք, համբերեք»,- պատմեց Ռոզալիա Աբգարյանը։
«ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի նախագահ Սիմոն Եսայանը նշեց, որ հունվարից կսկսվեն միջոցառումների նախապատրաստման աշխատանքը։ «Նախատեսում ենք Մեծ հայրենականի մասնակիցների պատվովճարների ավելացում, ինչպես նաև հիմա մենք պայքարում ենք, որ Հայրենականի մասնակիցներին մատուցվող բժշկական ծառայությունները լինեն անվճար։ Իսկ այսօրվա դրությամբ կան բուման ծրագրեր, որոնք վճարովի են»,- ասաց Սիմոն Եսայանը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կան 274 վետերան։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ