Փաշինյան. Ինչպե՞ս պետք է զարգանա տնտեսությունը, եթե ռեսուրսի կեսից ավելին տներում փակված է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից:
«Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը»,-իր խոսքում նշել է նա։
Փաշինյանը կարևորել է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ:
«Այստեղ կա ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:
Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:
Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը»,-նշել է նա։
Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։
Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք և ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երևալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարևոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:
Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձևակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու, էական չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում