Առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան
Հայաստանի իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպմանը:
Նա նաև շեշտել է, որ բոլոր մյուս երկրների դիրքորոշումները, բանաձևերը, որոնք կարող են ընդունվել այս կամ այն հարթակում, պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված, հակառակ դեպքում կարող է խաթարվել ներկայիս փխրուն, հարաբերական խաղաղությունը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հաղորդմամբ,
Արարատ Միրզոյանը տեղեկացրել, որ Հորդանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջերս նամակով առաջարկել էր Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում ավելացնել ՀՀ բուհերում սովորող հորդանանցի ուսանողների քանակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այս հարցին սիրով դրական լուծում է տրվել: ԱԺ նախագահը նշել է, որ ուսանողների փոխանակման այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և երկու ժողովուրդներին ծանոթացնելու մեր մշակույթին: Նա նաև շեշտել է, որ Հայաստանն ու Հորդանանը չպետք է բավարարվեն այս կրթական ծրագրերով, դրանք, իհարկե, պետք է զարգացնել եւ ընդլայնել, բայց կան բազմաթիվ այլ ոլորտներ եւս, որտեղ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Արարատ Միրզոյանը, խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին, նշել է, որ երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, ինչը խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու շատ լավ հարթակ է, թեեւ առայժմ փոխայցեր չեն եղել: Աժ նախագահը վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան:
Այման Սաֆադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա ընդգծել է, որ Հորդանանն ու Հայաստանն իսկապես հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն և առանձանցրել է հատկապես մի քանի ոլորտներ՝ ագրոբիզնեսը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաեւ խոսել է ուղիղ չվերթներ բացելու եւ բյուջետային ավիաընկերությունների մասին: Նա հայտնել է, որ այժմ Հայաստանում սովորում է հորդանանցի 120 ուսանող և վստահություն է հայտնել, որ երկու երկրները մշակութային լավ հարաբերություններ կկառուցեն: Այման Սաֆադին տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանին Հորդանան այցելելու հրավեր կուղարկվի, իսկ առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան: