Ահազանգ՝ Լիբանանում ապաստան գտած փախստականների վիճակի մասին
Լիբանանում վերջին շրջանի խռովություններն ու գնաճը ձմեռն ավելի անտանելի են դարձրել այստեղ հանգրվան գտած Սիրիայի հարյուր հազարավոր փախստականների համար, ովքեր ցրտից, անձրևից և ձնից պաշտպանվելու կարիք ունեն:
Բեքաա հովտում տեղակայված Աբու Ֆարես փախստականների ճամբարը իր 135 վրաններում պատսպարում է 175 ընտանիքների: Ճամբարի համակարգող Օմար Ալ Մեսսարավիի խոսքերով, Լիբանանի ներկայիս դրությունը վատթարացնում է փախստականների կացության պայմանները՝ օգնության և ֆինանսավորման բացակայությամբ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ապրանքների գները բարձրացել են: Շատ ընտանիքներ ֆինանսավորում չեն ստացել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովից և ստիպված են պարտքով գոյատևել: Սակայն Լիբանանում տնտեսության վատթարացման հետևանքով նրանք այժմ պարտքով էլ ոչինչ չեն կարող վերցնել»,- ասել է նա: