Է, դուք գնացեք, զեկուցեք իրենց. Է՞դ է ձեր պատկերացրած հակակշիռների մեխանիզմը. Մարուքյան
«Պարո՛ն Վարդանյան, ես ուղղակի ապշած եմ, ախր դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք, նման բան, որ ասում եք, ես կարծում եմ էդ սահմանադրական իրավունք գիտության հիմնադիրները գերեզմաններում շուռ եկավ»,- այս մասին այսօր խորհրդարանում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագծի քննարկման ընթացքում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, որտեղ նա նշել է՝ «ինչ է նշանակում վարչապետի ենթական մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան, հարցեր տալ։ Ոնց կարելի է նման բան անել, բա որ իրենք էլ մի օրենք ընդունեն, ասեն ԱԺ պատգամավորները պարտավոր են գալ մեր կոմիտեի նիստերին»։
Մարուքյանը նշեց, որ նախագիծն ամբողջապես սահմանադրական է. «Այստեղ հարցը հետևյալն է. ինչ է փոխվել առաջինից երկրորդ ընթերցում հատվածում, որ իշխանությունը փոշմանել է։ Էս քաղաքական հարցին պատասխանեք, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։ Մենք ունեինք արդեն լրամշակված նախագիծը, որը պետք է ընդունվեր։ Հետևաբար շառ անել Սահմանադրության վրա, թե իբր սահմանադրական խնդիր կա, որևէ մեկը չի հավատալու»։
Ինչ վերաբերում է ԱԱԾ և Ոստիկանության մարմինների գործունեությունը «խաթարելուն»՝ Մարուքյանը նշեց, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկ լինելուց հետո իշխանական թևի պատգամավորներն են հայտարարություններ արել էդ մարմիններում բարեփոխումներ անելու վերաբերյալ։
«Եվ գիտեք, ես անընդհատ մտածում եմ՝ ինչ վատ է, որ ես նախկին խորհրդարաններում աշխատել եմ։ Ես անընդհատ դեժավյուի մեջ եմ, անընդհատ լսում եմ էստեղ ելույթներ, որ բառացի, նույնությամբ երևում է՝ ոնց էին ռեֆորմները մերժվում միևնույն ձևակերպումներով՝ մենք կխաթարենք այդ մարմնի կայունությունը, կշեղենք նրանց աշխատանքը։ Ու հենց էդ ա, որ խորհրդարանականները գալիս, խոսում են, թե ոնց կարելի է կառավարությանը առընթեր մարմնի ղեկավարին կանչել էստեղ։ Բա ի՞նչ կարելի է անել, բա ի՞նչ եք ուզում անել։ Է, դուք գնացեք, զեկուցեք իրենց։ Է՞դ է ձեր պատկերացրած հակակշիռների մեխանիզմը։ Ու եթե մեկը, որ ոչ իրավաբան լինի, էդպես ասի, բայց որ իրավաբաններն են գալիս նման ելույթ ունենում, ի՞նչի համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ