Նրանց թաթիկները հատ-հատ շարունակելու ենք կտրել. Վարչապետ
«Կցանկանամ, որ դուք անդրադառնաք սոցցանցերում քննարկվող շեյխերի թեմային։ Ներողություն հարցի համար, սակայն Ձեր անունը շրջանառվել է այդտեղ։ Մասնավորապես, որ դուք միջնորդություն եք ներկայացրել պոտենցիալ ներդնողների հետ հանդիպման համար։ Ուղղակի ուզում եմ, որ հանրությունն իմանա՝ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ »,- կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ընթացքում այսպիսի հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանը կասկածամտորեն մոտեցավ հարցին, որ նշված մարդիկ շեյխերի ներկայացուցիչներ են եղել։
«Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ լինեն, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չէին ունենա Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի նա զանգի ինձ և խնդրի, որ ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որպեսզի նա նրանց ընդունի։ Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ։ Սա առաջինը։ Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ, ասել է խոշոր ներդրողներ են, ես Երևանի քաղաքապետին զանգել եմ, և նա կիրակի օրով ընդունել ա։ Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել ա՝ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, Երևանի քաղաքապետը արարողակարգով ընդունել է այդ մարդկանց՝ որպես պաշտոնական ներկայացուցիչների. «Նախ առաջինը դա շատ տարօրինակ է եղել նրա համար, որ էդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ հանդիպման են գալիս ջինսերով, բոթասներով և մայկաներով։ Սա կարծում եմ վերաբերմունք է պետական ինստիտուտին։ Նրանք ասել են Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար։ Երևանի քաղաքապետն էլ ասել ա, որ ցավոք սրտի նշված տարածքներով հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա։ Մասնավորը գուցե ունենա։ Եվ հընթացս երեք հյուրերն էլ պարզվել ա հեռախոսներ ունեն մոտները, և զանգ են ստացել, սկզբից մեկն ա հեռախոսը վերցրել սկսել խոսել, քաղաքապետը ստիպված ընդհատել ա խոսքը, հետո երկրորդ, երրորդ զանգերն են եղել։ Երրորդի դեպքում քաղաքապետն ասել է, որ ըստ էության խոսակցությունը հյուրերի հետաքրքիր չէ, և ասել է, որ իր ասելիքն ավարտել է։ Կարծում եմ՝ ճիշտ ա արել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ներդրումային հրաշալի ծրագիր է Հյուսիս-Հարավը, որը շատերի համար «կթու կովի» դեր է տարել։
«Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ և շարունակելու ենք կտրել»,- նշեց վարչապետը։