Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, եկեք զոռբայության տրամաբանությունից դուրս գանք. Փաշինյան
«Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր, չեմ կարողանում դա հասկանալ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին։
Վարչապետը նշեց, որ ամիսներ առաջ այս հարցով հանձնարարական է տվել, և հիմա իր համար անհասկանալի է, թե ինչու համապատասխան տեսչությունը պատժամիջոցներ չի կիրառում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով:
«Չեմ հասկանում, թե ինչու պետք է կառավարության շենքում նորոգում արվի, իսկ մենք քայլենք աղբի միջով։ Շինարարը ամեն օր պետք է իր շուրջ մաքրի աշխատանքի սկզբից և վերջից: Քաղաքաշինության կոմիտեն այստեղ ունի լուրջ անելիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նաև նշեց, թե չի հասկանում՝ ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցրած հին շորերով:
«Այդ մարդիկ պետք է համազգեստ ունենան: Դա նույնն է, որ մենք, երբ գալիս ենք կառավարության նիստին, տանն ի՞նչ մաշված շոր ունենք, հագնենք, գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպությունները միլիոններ են աշխատում, իրենց համար դժվա՞ր է, միջոց հատկացնել և ամենաէժան համազգեստը գնել բանվորների համար»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք լուրջ հոգեբանական և քաղաքական պրոբլեմներ են։ Նաև նշեց, որ տեղեկություն ունեն՝ Արծվաշենի հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել:
«Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսևորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետև 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախաստականները նույնիսկ դա չեն ստացել: Էս ի՞նչ երևույթ է չուզող հարևանի տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. «Մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Այսինքն՝ մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել։ Դա՞ է մեր ուզածը»։
Ըստ նրա, եթե իրենք հարցեր լուծեն՝ առաջնորդվելով իրենց տված կաշառքներով, կոռուպցիայով, նեղ անձնային կամ քաղաքական շահերով, հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ առաձնահատուկ վերաբերմունքով, այս ամեն ինչը հասկանալի կլինի: Բայց ընդհանրապես հարաբերությունների այդ ձևը, ըստ Փաշինյանի, բացարձակապես անընդունելի է, քանի որ սա Հայաստանն էլի քաղաքակրթական առումով փորձ է հետ գլորել լրիվ ուրիշ տրամաբանության մեջ:
«Մենք այստեղ, կներեք, նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե ում հարցը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու ասի՝ բա ինչի՞ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից եկեք դուրս գանք։ Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը նեղվածությունից գալիս կառավարության դռների դեմն ա պառկում, ինչքա՞ն կարելի է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ