Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի վարչապետի աշխատակազմ
Ներկայում կատարվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում:
ԱՆ-ից հայտնում են, որ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված Նախագիծը համահունչ կլինի եվրոպական և միջազգային ստանդարտներին:
ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան նշել է, որ Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն այս տարի ակնհայտ առաջխաղացում են գրանցել:
Այդ համատքստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կարևորել է նաև քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներն ու Նախագծի մշակումը: